ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Երբ դու սահում ես որպես հասուն կին, չես կարող շահել ցանկացած մրցաշար»

«Երբ դու սահում ես որպես հասուն կին, չես կարող շահել ցանկացած մրցաշար»
15.02.2019 | 03:40

Սիրտ չճաքեցնելու համար ասենք, որ խոսքն այս մրցաշրջանում այս փուլի համար գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի վերջին պաշտոնական մրցաշարի մասին է՝ Ռուսաստանի գավաթի առաջնության, քանի որ լոկ այն կարող է նրա առջև բացել աշխարհի առաջնության դռները, հենց որն էլ այս մրցաշրջանի վերջին պաշտոնական մրցաշարն է: Թե այս դեռևս ընթացիկը Մեդվեդևայի համար ինչ ծանր ընթացք ունեցավ, չենք կրկնելու. մեր ընթերցողն առավել քան ինֆորմացված է, նրանից թաքցրած մանրամասներ չունենք: ՈՒստի միանգամից անցնենք բուն նյութին:


Երևի գավաթի այս մրցաշարն էլ հավաքականի ընտրության կազմում (խոսելու ենք միայն կին մենասահորդների մասին) առանձնակի դեր չունենար, եթե չլիներ ռուս մենասահորդների ոչ միանշանակ մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: Չէ, խոշոր հաշվով մասնակցությունը վատ չի եղել. ոսկին էլ է Ռուսաստանին բաժին հասել, արծաթն էլ: Խոսքը վերաբերում է դրանք բերողների դասավորությանը մրցանակային հարթակում ու մասնավորապես երրորդ մասնակցի կոպիտ վրիպմանը:
Նովգորոդ Մեդվեդևան ժամանել է Բրայան Օրսերի մարզական խմբից Թրեյսի ՈՒիլսոնի հետ, ու որ նրան չի ուղեկցում անձամբ Օրսերը, խոշոր ողբերգություն չպիտի սարքել, ինչը ջանադրորեն փորձում է անել մամուլը սենսացիայի սիրահար մի երկու հավելյալ ընթերցող գտնելու համար:


Ի՞նչ կարելի է ակնկալել Մեդվեդևայի այս ելույթից:
Հավասարապես ամեն ինչ, քանզի ոչ ոք երաշխավորված ոչինչ չի կարող ասել նրա մարզավիճակի մասին, որքանով է նրան այս ընթացքում հաջողվել հաղթահարել անխուսափ հոգեբանական դժվարությունները, որքանով է հասել մարզական անհրաժեշտ պատտրաստվածության և այլն: Մի խոսքով, այս մրցելույթը լինելու է կատարյալ անհայտություն, ու առաջին անգամ ենք նման իրավիճակի բախվում այս մարզուհու պարագայում: Իսկ պրոբլեմները, որ առկա են նրա կյանքում, Օրսերի խոսքով՝ անգամ պարտադիր են նրա կայացման համար. «Ժենյան դրա միջով պետք է անցնի՝ զգալով պատանեկան ու հասուն տարիքի սահքի տարբերությունը: Ես խոսում եմ հատկապես ֆիզիոլոգիական հասակի, ոչ թե պատանեկան կամ մեծահասակային մեկնարկների մասին: Նայեք Կարոլինա Կոստներին, Մաո Ասադային, Կիմ Յու Նային. երբ տարիքով մեծացել են, նրանք բոլոր մրցաշարերում չեն հաղթել: Եղել են ժամանակներ, երբ Կիմը պարզապես վատ է սահել, առանց շանսի պարտվել է յուրաքանչյուր գրան պրիում, սակայն դարձել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն: Պարզապես պիտի ընտրել մրցումները, որոնցում դու կենտրոնանալու ես: Երբ դու սահում ես որպես հասուն կին, չես կարող շահել ցանկացած մրցաշար»:


Օրսերն անդրադարձել է նաև Մեդվեդևայի դրական որակներին: Մարզչի խոսքով՝ ինքը մտադիր չէ փոխելու ռուսաստանցու հոգեկերտվածքը, հարգում է նրան գեղասահքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար. «Փոխել մենթալիտե՞տը: Իսկ ինչու՞ պայքարել հաղթողի բնավորության դեմ: Վերցնենք Յուզուրի Հանյույին: Այս տարի նա հաղթել է գրան պրիի երկու փուլում, սակայն դա կատարվում է յոթ տարվա մեջ առաջին անգամ, ինչ ես նրան մարզում եմ: Եվ անցյալի ոչ հաջող արդյունքները չեն խանգարում նրան համարել բոլոր ժամանակների լավագույն մենասահորդ: Նա հաղթել է երկու օլիմպիադայում: Ահա ինչն է մտապահվում: Միշտ չէ, որ հնարավոր է լինել առաջինը: Սկզբունքորեն ինձ համար միևնույն է, թե ինչ համակարգից կամ երկրից է ինձ մոտ եկել Մեդվեդևան: Նա խելահեղորեն սիրում ու հարգում է գեղասահքը, գնահատում է իր երկրպագուներին: Ադապտացիայի հետ նույնպես պրոբլեմներ չկան: Ժենյան հրաշալի տիրապետում է անգլերենին, շատ շփվող է ու պարզապես հրաշալի մարդ է: Մեզ մոտ պիտի որ ամեն ինչ ստացվի: Եվ դուք կտեսնեք դա»:
Դառնանք գավաթի խաղարկությանը:


Մեդվեդևայի գլխավոր մրցակիցները կլինեն օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Զագիտովան, որն ընթացիկ մրցաշրջանում ամենակայուն արդյունքներն ունի, Եվրոպայի նորաթուխ չեմպիոն Սոֆյա Սամոդուրովան և, իհարկե, Ելիզավետա Տուխտամիշևան, որը հիվանդության պատճառով բաց թողեց աշխարհամասի առաջնությունը:
Ռուս հանրահայտ պարուսույց Իլյա Ավերբուխը կարծում է, որ բարձր մրցակցության պատճառով մարզական խորհուրդը խիստ դժվարանալու է հավաքականի կազմի կողմնորոշման հարցում, ու այդ դիլեմայի հեղինակը կարող է դառնալ Եվգենյա Մեդվեդևան: Նա նշել է, որ այս պահին Մեդվեդևայի մարզավիճակի մասին կարելի է ընդամենը գուշակել, սակայն, նա ակնհայտորեն հավաքական վերադառնալու ակնկալիքներ ունի. «Ես համոզված եմ, որ ներկայումս նրա բոլոր ուժերն են ի սպաս դրված աշխարհի առաջնության նախապատրաստմանը»:


Դե ինչ, սպասելու առանձնապես բան չի մնացել՝ գավաթի խաղարկության մեկնարկը տրվելու է հաշված օրեր անց, փետրվարի 18-ին, ու թող Աստված թիկունք լինի մեր աղջնակին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ